Յուրաքանչյուրն ունի իր «Հարյուր Տարվա Մենությունը»: Իր մտքերը, որոնք գալիս են իր նախնիների ապրածուչապրածից, ասածուչասածից, արածուչարածից: Իր երգերը, որոնք շատ հարազատ են չգիտես որտեղից ու երևի միայն արյան բաղադրության միջոցով են փոխանցվել իրեն: Իր ցավերը, որոնք անհանգստացնում են այն պահից սկսած, երբ ինքն այլևս գիտակցական ու մտածող էակ է: Իր հիշողությունները, որոնք դառն ու տտիպ են` ցեղի անցյալի պես ու նույնքան թանկ ու արժեքավոր են` տոհմի շարունակականության համար:
Մեր «Հարյուր Տարվա Մենությունը» մարկեսյան անձրևի պես մեզ պարբերաբար լվանում է ու լվանում: Մեզ լացացնում է, մեզ տխրեցնում է, մեր մտքի դուռն անդադար բացուխուփ է անում, մեզ մեր բաժին քարանձավում փակու՜մ` մինչև մեր մի բուռ հոգին կծկվի-ճմլվի ու նորից ապրելու ցանկությամբ լցվի: «Հարյուր Տարվա Մենությունը» յուրաքանչյուրիս համար անհատական է այս Երկրի վրա: Մարկեսինը 87 տարի էր, Այդինինը` 51, իմն ու ձերը` Աստծուն է հայտնի:
Այսօր Այդինի ծննդյան օրն է: Եթե ողջ լիներ, հաստատ կտխրեր Մարկեսի համար: Մարկեսն ասել է, թե մարդիկ մահանում են այն ժամանակ, երբ կարողանում են: Այսինքն` երբ պատրաստ են հեռանալու: Այդինը մահվան հետ հաշտ էր դեռ 31 տարեկանում: 1993-ին էր, մի օր զրույցի մեջ ասաց, թե սկսել է մտածել մահվան մասին և հաշտ է այդ մտքի հետ, թե մահից վախենալ պետք չէ, թե երբ մահը գա, ինքը պատրաստ կլինի առանց վախենալու: Քսան տարի հետո նա հեռացավ: Չգիտեմ Մարկեսը երբ է ասել իր խոսքը մահվան մասին, բայց նա էլ իր գործերի մեջ ապրելու մեծ ցանկությունը զուգահեռել է մահվան հետ հաշտ լինելու գաղափարին: Երևի մենք բոլորս ենք մտածում մահվան մասին, բայց քչերս ենք գոնե ինքներս մեզ խոստովանում դրա մասին: Մենք ապրել ենք ուզում` մահվան գաղափարը «թաղելով» մեր մտքերի փոշոտ գզրոցներում…
Մեզանից յուրաքանչյուրն իր «Հարյուր Տարվա Մենությունն» ունի, իր Մարկեսյան անձրևը, իր Այդինյան հարցումները` Կյանքի, Ճշմարտության, Սիրո մասին: Մեզանից յուրաքանչյուրն իր երգն ունի` հեռուներից եկող և դեպի հեռուները թևածող:
... Մեր սիրո հետագիծն ավելի երկար պիտի լինի, քան մեր չարության ընթացքը` անկախ նրանից, թե մեր «Հարյուր Տարվա Մենությունը» որքան է տևում:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ